«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

«Դրսում պահանջարկ կա ազգագրական, ժողովրդական բեմադրությունների»

«Դրսում պահանջարկ կա ազգագրական, ժողովրդական բեմադրությունների»
27.10.2012 | 12:51

«Անի» պարային համույթն ամեն տարվա աշնանը մենահամերգ է ունենում հարազատ Ստեփանավանում:

Ստեղծվել է 1998-ին: Գեղարվեստական ղեկավարը ՏԱԹԵՎԻԿ ԻՍՊԻՐՅԱՆՆ է: Ստուդիան մանկապատանեկան է, բայց կան սիրողական խմբեր, ուր հաճախում են տարբեր տարիքի մարդիկ: Դասավանդվում են տարաբնույթ պարեր:
«Անի» պարային համույթը հաջողություններ է գրանցել դեռևս 90-ականների մութ ու ցուրտ տարիներին, երբ բեմի մասին մտածելը շքեղություն էր: «Ստեփանավանում դեռևս չէր գործում մշակույթի պալատը, չկային համապատասխան պայմաններ, երբ մենք սկսեցինք մասնակցել մարզային, հանրապետական մրցույթ-փառատոների, հեռուստափառատոների»,-մեզ հետ զրույցում ասաց Տաթևիկ Իսպիրյանը:- Չնայած Ստեփանավանը մշակութային հարուստ ժառանգություն ունեցող քաղաք է, Երևանում համարվում էր փոքր քաղաք, և մեր ելույթներով կարողանում էինք տպավորություն գործել»:
Համույթը մարզային փառատոների ութակի դափնեկիր է, «Գրան պրիի» կրկնակի մրցանակակիր` մոդեռն պարերում: Քույր քաղաքների համագործակցության շրջանակում (Դեսին և Ստեփանավան) 2002-ին Ֆրանսիա է մեկնել: Որպես պարուսույց 2003-ին Տաթևիկ Իսպիրյանը ֆրանսիական դպրոցների հայկական խմբերում հայկական պարարվեստը լուսաբանելու և նոր պարեր բեմադրելու հրավեր Է ստացել:
Մեր հարցին` համույթում կա՞ն պարողներ, որոնց անունը կարող է ինչ-որ բան ասել, Տաթևիկ Իսպիրյանը պատասխանեց, որ պարողներն անհատապես չեն ճանաչվում, անսամբլային են աշխատում: Համույթի սաները պարել են Պարի պետական անսամբլում, «Բարեկամություն», «Բերդ» պարային անսամբլներում:
Պարուսույցը նշեց, որ ստուդիայում դասավանդվում են աշխարհի ժողովուրդների, լատինաամերիկյան, մոդեռն պարեր, գոնե ուսուցման առաջին հինգ տարիներին երեխան կարողանում է բոլոր պարային առարկաներից ինֆորմացիա ստանալ և պար-բեմադրության տեսքով կատարել, բայց շեշտը դրվում է ժողովրդականի վրա: «Այն պարերը, որ ժողովրդի պահանջարկով այսօր սովորեցնում ենք երեխաներին, արտերկում հիմնականում չեն ներկայացվում,- ասաց նա:- Դրսում պահանջարկ կա ազգագրական, ժողովրդական բեմադրությունների»:
Հարկ է նշել, որ «Անի» պարային ստուդիայի սիրողական պարի խմբի հիման վրա ստեղծվել է «Հայ աղջիկներ» պարային համույթը, ուր պարում են հայ աղջիկներն ու կանայք, մշակույթի պալատում գործող երգչախմբի հետ` կենդանի երգեցողության և նվագի ուղեկցությամբ: Համույթը մասնակցել է մարզային ուսանողական և երիտասարդական փառատոնի և առաջին մրցանակի արժանացել առաջին իսկ բեմելով: Այս տարի ելույթ է ունեցել հայ-վրացական միջազգային պարի փառատոնում, որին մասնակցել են շուրջ մեկ տասնյակ պարախմբեր Երևանից, Գյումրիից, Վանաձորից, Մասիսից, Սպիտակից, Ստեփանավանից և Թբիլիսիից` ընդհանուր առմամբ շուրջ 600 մասնակից: Փառատոնի կազմակերպիչն է «Հայ արտ պրոդակշն» հայ-կանադական կազմակերպությունը: Նախորդ տարիներին դրանք անցկացվել են Երևանում և Թբիլիսիում: Կազմակերպիչները որոշել են այսուհետ ծրագիրը չսահմանափակել մայրաքաղաքով և հարակից մարզերով, ուստի այս տարի այն կազմակերպվել էր Ստեփանավանում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 8163

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ